Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ պրն. Արման Խոջոյանի եւ պրն. Նարեկ Հովակիմյանի կողմից ՀՀ-ում հավատարմագրված ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի եւ Իրաքի դիվանագիտական ներկայացուցիչների հետ կազմակերված հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի եւ գործընկեր երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության ամրապնդման հեռանկարները, անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման աջակցման եւ թիրախային շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնություններին: Նշվել է, որ այս նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը՝ նոր հեռանկարներ բացելով տարածաշրջանային շուկաների հետ համագործակցության համար:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ծոցի երկրների միջեւ առևտրային կապերի զարգացմանը, գործարար համայնքների եւ մասնավոր հատվածի միջեւ հաղորդակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի և առեւտրի ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունների բացահայտմանը վերաբերող հարցեր:
Հայկական կողմը բարձր է գնահատել Ծոցի արաբական երկրների հետ տնտեսական գործընկերության կարեւորությունը՝ ընդգծելով այս շուկաների կողմից հայկական արտադրանքի համար առաջարկվող խոստումնալից հնարավորությունները, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության եւ համագործակցության խթանմանն ուղղված շարունակական համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Իր հերթին Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան վստահեցրել է, որ ԱՄԷ-ն շահագրգռված է նպաստելու ՀՀ-ի հետ առեւտրատնտեսական փոխգործակցության ամրապնդմանը միտված ջանքերին, որն էլ համահունչ է երկու բարեկամ երկրների միջեւ զարգացող երկկողմ հարաբերություններին եւ նպաստում է ընդհանուր շահերի իրագործմանը և կայուն տնտեսական զարգացմանը։ Նորին Գերազանցությունը նաեւ բարձր է գնահատել ՀՀ-ի եւ ԱՄԷ –ի միջեւ առեւտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացումը՝ ընդգծելով այս երկու համաձայնագրերի ընձեռած առավելություններից և հնարավորություններից օգտվելու կարևորությունը՝ ի նպաստ երկու կողմերի միջև առեւտրշրջանառության ու ներդրումների խթանման։
Հանդիպման ավարտին մասնակիցները հայտնել են իրենց պատրաստակամությունն ամրապնդելու Հայաստանի և մասնակից երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները՝ ընդգծելով վերջին տարիներին ունեցած համագործակցության վրա հիմնվելու եւ փոխշահավետ գործընկերության վրա խարսխված նոր հնարավորությունների բացահայտման կարեւորությունը, որոնք կծառայեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և երկրների շահերին։