Արաբական Միացյալ Էմիրություններ և Ծոցի երկրներ հայկական արտադրանքի արտահանման հարցերով առաջին հանդիպման արդյունքների շարունակական դիտարկման, ինչպես նաև Ծոցի շուկաներ հայկական արտադրանքի մուտքը դյուրացնելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջարկություններին ու դիտարկումներին ծանոթանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլային, ինչպես նաև ՀՀ-ում Քուվեյթի Պետության, Կատարի Պետության և Իրաքի Հանրապետության դեսպաններին և ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիները՝ մասնավորապես Ծոցի երկրների շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնումը, տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների զարգացումը, ինչպես նաև ընկերությունների միջև գործարար ուղղակի հանդիպումների (B2B) կազմակերպումը։ Նախարարն ընդգծել է դեսպանությունների կարևոր դերը արտադրողների, ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում, ինչը նպաստում է առևտրային և ներդրումային համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և լսել առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ նրանց առաջարկությունները, որոնք միտված են փոխադարձ շահերի առաջմղմանը և Հայաստանի ու Ծոցի երկրների միջև համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։