Վերջին տարիներին Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցությունը զգալի աճ է գրանցել՝ հիմնվելով հավակնոտ երկկողմ իրավական շրջանակի, ինչպես նաև առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնման ընդհանուր հանձնառության վրա։ ԱՄԷ-ն հանդիսանում է Հայաստանի երեք խոշորագույն առևտրային գործընկերներից և հայկական արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Թանկարժեք քարերի և մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի, մեքենաների և սարքավորումների, ալյումինե արտադրանքի, ինչպես նաև բժշկական և էլեկտրոնային սարքերի ոլորտներում երկկողմ առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է շուրջ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Բացի այդ, 2025 թվականին ԱՄԷ-ի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի ծավալը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս աճող տնտեսական գործընկերությունը հիմնված է ավելի քան 27 երկկողմ համաձայնագրերի վրա, որոնք ընդգրկում են ներդրումների պաշտպանությունը, կրկնակի հարկման բացառումը և առևտրի դյուրացումը։ Առավել կարևորներից են Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Աբու Դաբիում 2026 թվականի փետրվարին, ինչպես նաև ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2025 թվականի հունիսին և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի 2026 թվականի կեսերին։ Համաձայնագիրը կվերացնի կամ կնվազեցնի մաքսատուրքերը առևտրի ենթակա ապրանքների ավելի քան 80%-ի համար և արտոնյալ մուտք կապահովի հայկական արտահանման 217 ապրանքային խմբերի համար դեպի ԱՄԷ շուկա։
Տնտեսական հարաբերությունների ամրության մասին են վկայում նաև ռազմավարական ներդրումների աճի տեմպերը։ Այս համատեքստում հատկանշական է «Էմարաթ»-ի մուտքը հայկական շուկա՝ «Մեգա Թրեյդ» ընկերության հետ ռազմավարական գործընկերության միջոցով, որը նպատակ ունի զարգացնել վառելիքալցակայանների համազգային ցանց։ Առաջին կայանի բացումը նախատեսվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ֆինանսական ոլորտում Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան միացել են Աբու Դաբիի արժեթղթերի բորսայի (ADX) թվային առևտրային հարթակին՝ Tabadul-ին։ Միաժամանակ ընդլայնվում է նաև ներդրումային համագործակցությունն արդյունաբերության ոլորտում, ինչն արտահայտվել է GTB Group-ի և Safe Group-ի գործընկերությամբ, որի շրջանակում Աբու Դաբիում հիմնադրվել է պողպատի արտադրության նոր ձեռնարկության։