Voting

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային հարաբերությունները հիմնված են համագործակցության ամուր հիմքերի վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ կրթության, զբոսաշրջության և մշակույթի։ Այս կապերն առավել ամրապնդվեցին երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի փոխադարձ ազատականացման և ուղիղ ավիահաղորդակցության ընդլայնման արդյունքում։ Երկկողմ մշակութային համագործակցության իրավական հիմքը դրվել է 2002 թվականին ստորագրված Մշակութային համագործակցության համաձայնագրով։

Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության ամենանշանակալի օրինակներից է պատմական Հաղարծնի վանքի վերականգնումը, որը ֆինանսավորվել է Շարժայի Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի կողմից։

Արաբերենի տարածման և ԱՄԷ-ի մշակութային ներկայության ամրապնդման ուղղությամբ ևս իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, որոնց թվում են 2018 թվականին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում ԱՄԷ-ի լսարանի բացումը, որը 2025 թվականին համալրվեց և արդիականացվեց նորագույն կրթական ռեսուրսներով։ Բացի այդ, հայկական հանրային գրադարաններին փոխանցվել են արաբերեն գրական հավաքածուներ, իսկ 2020 թվականին Հայաստանի ազգային մանկական գրադարանում բացվել է Արաբերենի անկյունը։

Միաժամանակ ընդլայնվում է նաև գիտակրթական և հետազոտական համագործակցությունը։ 2025 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի և Դուբայի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ակադեմիական փոխանակումները և համատեղ գիտական հետազոտությունները խթանելու նպատակով։ Բացի այդ, երկու երկրների առաջատար հետազոտական կենտրոնները ձևավորել են ռազմավարական գործընկերություն, որի շրջանակում էմիրաթական վերլուծական կենտրոններ «Emirates Policy Center»-ը, «TRENDS Research & Advisory»-ն և «Emirates Center for Strategic Studies and Research»-ը համագործակցություն են սկսել իրենց հայկական գործընկերների հետ։

Երևանում ԱՄԷ դեսպանությունը շարունակում է նաև իրականացնել մարդասիրական նախաձեռնություններ՝ ի աջակցություն հատուկ կարիքներ ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին, ինչը վկայում է երկու երկրների միջև մարդասիրական համագործակցության խորության և միջմշակութային երկխոսության, հանդուրժողականության, խաղաղ համակեցության և փոխըմբռնման արժեքների առաջմղման երկուստեք հանձնառության մասին։