2.ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը բացվել է 2000թ-ին:
3.Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը բացվել է 2015թ-ին:
4.Հայաստանը միակողմանիորեն չեղարկել է մուտքի վիզան ԱՄԷ քաղաքացիների համար 2017 թվականի մարտի 22-ից։
5.Մյուս կողմից, 2023 թ․-ին ՀՀ քաղաքացիներն ազատվել են ԱՄԷ մուտքի արտոնագրի պահանջից, որն ուժի մեջ է մտել 2024 թ․-ի փետրվարի 1-ից։
6..Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են բոլոր ոլորտներում։
7.Երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման առումով ՀՀ-ն և ԱՄԷ-ն 2019 թվականին ուշագրավ նվաճումներ են ունեցել, որոնց թվում են հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի առաջին նստաշրջանի և երկկողմ քաղաքական խորհրդատվությունների գումարումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում՝ ԱՄԷ կրթության նախարարության, Շարժայի կառավարության և Թավազուն Տնտեսական խորհրդի պատվիրակությունների այցերը Հայաստան, ինչպես նաև ՀՀ Նախագահի այցերը Ֆորմուլա 1-ի մրցավազքին և Աբու Դաբիի կայունության շաբաթ ֆորումին։
8.2023թ․-ին երկու երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, որի շրջանակում ԱՄԷ է այցելել ՀՀ ԱԳ նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանը։
9.ՀՀ նախագահ Ն․Մ․ Վահագն Խաչատուրյանը 2023թ․-ի նոյեմբերին մասնակցել է ԱՄԷ-ում կայացած Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28)։
10.2023թ․-ի նոյեմբերին Հայաստան է այցելել ԱՄԷ պետնախարար Ն․Գ․Ահմադ Սայեղը, որի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Ն․Գ․ Նիկոլ Փաշինյանի հետ։
11.Հաջորդիվ տեղի է ունեցել ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․Գ․Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ 2024թ․-ի հունվարին։
12.2024թ․-ի մայիսի 21-ին ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱՄԷ-ՀՀ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ԱՄԷ պետնախարար Ն․Գ․ Ահմադ Ալ-Սայեղի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանի նախագահությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների կառավարության տարբեր պաշտոնյաներ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական առաջնահերթ ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները։
- Վերջին տարիներին Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցությունը զգալի աճ է գրանցել՝ հիմնվելով հավակնոտ երկկողմ իրավական շրջանակի, ինչպես նաև առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնման ընդհանուր հանձնառության վրա։ ԱՄԷ-ն հանդիսանում է Հայաստանի երեք խոշորագույն առևտրային գործընկերներից և հայկական արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Թանկարժեք քարերի և մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի, մեքենաների և սարքավորումների, ալյումինե արտադրանքի, ինչպես նաև բժշկական և էլեկտրոնային սարքերի ոլորտներում երկկողմ առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է շուրջ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Բացի այդ, 2025 թվականին ԱՄԷ-ի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի ծավալը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար։
- Այս աճող տնտեսական գործընկերությունը հիմնված է ավելի քան 27 երկկողմ համաձայնագրերի վրա, որոնք ընդգրկում են ներդրումների պաշտպանությունը, կրկնակի հարկման բացառումը և առևտրի դյուրացումը։ Առավել կարևորներից են Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Աբու Դաբիում 2026 թվականի փետրվարին, ինչպես նաև ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2025 թվականի հունիսին և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի 2026 թվականի կեսերին։ Համաձայնագիրը կվերացնի կամ կնվազեցնի մաքսատուրքերը առևտրի ենթակա ապրանքների ավելի քան 80%-ի համար և արտոնյալ մուտք կապահովի հայկական արտահանման 217 ապրանքային խմբերի համար դեպի ԱՄԷ շուկա։
- Տնտեսական հարաբերությունների ամրության մասին են վկայում նաև ռազմավարական ներդրումների աճի տեմպերը։ Այս համատեքստում հատկանշական է «Էմարաթ»-ի մուտքը հայկական շուկա՝ «Մեգա Թրեյդ» ընկերության հետ ռազմավարական գործընկերության միջոցով, որը նպատակ ունի զարգացնել վառելիքալցակայանների համազգային ցանց։ Առաջին կայանի բացումը նախատեսվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ֆինանսական ոլորտում Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան միացել են Աբու Դաբիի արժեթղթերի բորսայի (ADX) թվային առևտրային հարթակին՝ Tabadul-ին։ Միաժամանակ ընդլայնվում է նաև ներդրումային համագործակցությունն արդյունաբերության ոլորտում, ինչն արտահայտվել է GTB Group-ի և Safe Group-ի գործընկերությամբ, որի շրջանակում Աբու Դաբիում հիմնադրվել է պողպատի արտադրության նոր ձեռնարկության։
Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային հարաբերությունները հիմնված են համագործակցության ամուր հիմքերի վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ կրթության, զբոսաշրջության և մշակույթի։ Այս կապերն առավել ամրապնդվեցին երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի փոխադարձ ազատականացման և ուղիղ ավիահաղորդակցության ընդլայնման արդյունքում։ Երկկողմ մշակութային համագործակցության իրավական հիմքը դրվել է 2002 թվականին ստորագրված Մշակութային համագործակցության համաձայնագրով։
Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության ամենանշանակալի օրինակներից է պատմական Հաղարծնի վանքի վերականգնումը, որը ֆինանսավորվել է Շարժայի Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի կողմից։
Արաբերենի տարածման և ԱՄԷ-ի մշակութային ներկայության ամրապնդման ուղղությամբ ևս իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, որոնց թվում են 2018 թվականին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում ԱՄԷ-ի լսարանի բացումը, որը 2025 թվականին համալրվեց և արդիականացվեց նորագույն կրթական ռեսուրսներով։ Բացի այդ, հայկական հանրային գրադարաններին փոխանցվել են արաբերեն գրական հավաքածուներ, իսկ 2020 թվականին Հայաստանի ազգային մանկական գրադարանում բացվել է Արաբերենի անկյունը։
Միաժամանակ ընդլայնվում է նաև գիտակրթական և հետազոտական համագործակցությունը։ 2025 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի և Դուբայի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ակադեմիական փոխանակումները և համատեղ գիտական հետազոտությունները խթանելու նպատակով։ Բացի այդ, երկու երկրների առաջատար հետազոտական կենտրոնները ձևավորել են ռազմավարական գործընկերություն, որի շրջանակում էմիրաթական վերլուծական կենտրոններ «Emirates Policy Center»-ը, «TRENDS Research & Advisory»-ն և «Emirates Center for Strategic Studies and Research»-ը համագործակցություն են սկսել իրենց հայկական գործընկերների հետ։
Երևանում ԱՄԷ դեսպանությունը շարունակում է նաև իրականացնել մարդասիրական նախաձեռնություններ՝ ի աջակցություն հատուկ կարիքներ ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին, ինչը վկայում է երկու երկրների միջև մարդասիրական համագործակցության խորության և միջմշակութային երկխոսության, հանդուրժողականության, խաղաղ համակեցության և փոխըմբռնման արժեքների առաջմղման երկուստեք հանձնառության մասին։
